AM
8 January 2024 - 14:31 AMT

Խաղալիքների որակը վերահսկելու համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք կբերվեն

Հայաստանի Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) շուկայում որակական վերահսկողության նպատակով 2023 թվականին հավատարմագրել է թանկարժեք մետաղների լաբորատորիա, իսկ 2024 թվականին նախատեսվում է ձեռք բերել և հավատարմագրել խաղալիքների որակը վերահսկելու համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներ: Այդ մասին հայտարարել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն՝ ամփոփելով 2023 թվականին իրականացված աշխատանքները:

Նա նշել է, որ ռիսկերի նվազեցման նպատակով հավատարմագրվել է նաև նավթամթերքի լաբորատորիան, ինչի արդյունքում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի ոլորտում նվազել են անվտանգության ցուցանիշների խախտման դեպքերը: Մասնավորապես՝ ավտոմոբիլային բենզինի անվտանգության ցուցանիշների խախտումների տեսակարար կշիռը ընդհանուր իրականացված փորձաքննությունների մեջ 2023 թվականին կազմել է 2% (166 փորձանմուշից՝ 3-ում): Դիզելային վառելիքի մասով՝ 38% (92 փորձանմուշից՝ 35-ում), հայտնում է Արմենպրեսը։

««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքում կատարվել են լրացումներ, ըստ որի՝ թերլցման դեպք հայտնաբերելու դեպքում ՇՎՏՄ–ն մեկ ամիս ժամկետով փակցնում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ: Ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR կոդեր, որը սպառողին հնարավորություն կտա պարզել տվյալ լցակայանում անցկացված բոլոր ստուգումները»,- նշել է Կոտոլյանը:

Նա ընդգծեց, որ ՇՎՏՄ-ն 2023 թվականին 10 տնտեսվարող սուբյեկտների մոտ լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների վրա 1 ամսով արդեն փակցրել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» 19 ցուցանակ: Ինչպես նաև ՇՎՏՄ-ն ձեռք է բերել ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի չափանոթներ, բարձր ճնշման բնական գազի բալոններ և համապատասխան կշեռքներ հեղուկացված ածխաջրածնային գազերի փորձանմուշ վերցնելու, ինչպես նաև քաշը որոշող համապատասխան սարքեր, որոնք արդեն իսկ ստուգաչափվել են: Ըստ նրա՝ այս չափման միջոցների կիրառման արդյունքում նվազել են ստուգումների իրականացման ժամկետները:

Կոտոլյանն ընդգծել է, որ 2023–ի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված է եղել իրականացնել թվով 573 ստուգում, որից փաստացի իրականացվել է 535-ը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 82 ստուգում, դիմում-բողոքների հիման վրա՝ 41, այլ պետական մարմիններից ստացված գրությունների հիման վրա՝ 36 ստուգում: Ընդհանուր իրականացվել է 694 ստուգում, որից հայտնաբերված խախտումների թիվը կազմում է 496 (71.5%):

Ըստ նրա՝ 2023 թվականի ընթացքում խախտումների հիմքով նշանակված տուգանքի չափը կազմել է 207,579,000 դրամ: