AM
9 January 2024 - 06:28 AMT

Գրիգորյան․ Բոնոյի այցի հիմնական նպատակը եռակողմ հանդիպման կազմակերպումն է ԱՄՆ-ում

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի՝ տարածաշրջան այցի հիմնական նպատակը եռակողմ հանդիպման կազմակերպումն է Վաշինգտոնում։ Նա այդ մասին ասել է Հանրային հեռուստատեսութայն եթերում։

Ըստ նրա, դրանով փորձ կարվի առաջ շարժվել խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու հարցում։

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանագծման հանձնաժողովների հերթական նիստը հունվարի վերջին անցկացնելու հարցում։

ԱԽ քարտուղարն ասել է նաև, որ հայկական կողմը հունվարի 4-ին խաղաղության պայմանագրի հերթական տարբերակն է փոխանցել Ադրբեջանին։

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: