AM
9 January 2024 - 06:43 AMT

Խանդանյան․ Պատրաստ ենք Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց, հայտնում է «Ազատությունը»։

«Դրանք այն կարմիր գծերն են, որոնք Հայաստանը չի կարող ուղղակի այդպես զիջել», – ընդգծել է Խանդանյանը:

Իրանի հետ դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման շուրջ պայմանավորվածությունից հետո Բաքուն հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցքն» իրենց համար կորցրել է գրավչությունը»։ Բայց վերջին օրերին թե ադրբեջանցի, թե թուրք պաշտոնյաները ոչ միայն ակտիվորեն խոսում են միջանցք բացելուց, այլև պայմաններ առաջ քաշում։

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև անխոչընդոտ կապ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։ Թուրքիայի տրանսպորտի նախարարը ժամկետներ է նշել, թե ակնկալում են, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին։

«Ապաշրջափակման գործընթացը պետք է տեղի ունենա հստակ սկզբունքների վրա՝ երկրների իրավազորության, սուվերենության, հավասարության և փոխադարձության, ու այստեղ շատ կարևոր է, որպեսզի երկրների սահմաններին գործեն մաքսային ու մյուս բոլոր վերահսկողական մեխանիզմները անվտանգության համար՝ թե՛ բեռների, թե՛ քաղաքացիների անցման տեսանկյունից: Եվ, իհարկե, աշխարհում մաքսային ու սահմանային անցման տարբեր մեթոդներ են հատնի, որոնք նաև դյուրացված են, նաև որոշակի ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառում, որոնք քննարկելի, բանակցելի հարցեր են, բայց անխոչընդոտ անցումն, ինչպես փորձում են ձևակերպել, ընդունելի չէ Հայաստանի համար, որովհետև դա որոշակիորեն կրկին արտատարածքայնություն է ենթադրում իրենից, ինչը մեր սուվերենության խախտում է», – ասել է Խանդանյանը:

Ընթացակարգերի պարզեցման հնարավորությունից 2023–ի վերջում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել՝ անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակում ենթադրող Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի սկզբունքներին։

«Փոխադարձության հիման վրա ընթացակարգերի պարզեցումներ կարող են տեղի ունենալ, այսինքն, այդ պարզեցումները պիտի լինեն նախագծին մասնակցող բոլոր երկրների համար և բոլոր երկրների տարածքում: Այս առումով մենք բավականին ճկունություն ունենք», – նշել է վարչապետը: