«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԵՊՀ–ի դիմացի թենիսի կորտերը քանդելու վերաբերյալ քաղաքապետարանի հայտարարությանը, նշել է, որ դա նախ և առաջ պետական խայտառակ կառավարման հետևանք է։
«Քաղաքապետարանի անհայտ ծագման մի աշխատակից հայտնում է, որ անհայտ ծագման մի ընկերության հետ որոշել են, որ թենիսի կորտերը քանդելու են և պատրաստվում են ներկայացնել կառավարության հաստատմանը։ Նորմալ իշխանություն ունենալու պարագայում քաղաքը կունենար գլխավոր հատակագիծ, մաստեր-պլան, հետո այդ հատվածի վերակառուցման համար կհայտարարվեր մրցույթ, հետո մասնագիտական հանձնաժողովը, հանրությունը կարծիք կհայտնեին… Եվ էլի լիքը կարևոր գործընթացներ։
Բայց Հայաստանի ու Երևանի ճակատագիրը կախված է անձնական գերակա շահ հանդիսացող կախիչից»,–ասվում է գրառման մեջ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 8–ին ասել է, որ համալսարանի դիմացի թենիսի կորտերում ինքն էլ պարապել, բայց դրանք պետք է հանվեն, քանի որ դա հակասում է օղակաձև զբոսայգու տրամաբանությանը։ Երևանի «Օղակաձև» զբոսայգու 4-րդ հատվածն ամբողջությամբ կբարեկարգվի, բնակիչների հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ: Նախագիծը նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագրով:
Նախատեսվում է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ։