AM
9 January 2024 - 10:34 AMT

Ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները ցույցի են դուրս եկել

Միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, բողոքի ակցիա են անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց։

Ուսուցիչներն այստեղ են եղել նաև դեկտեմբերի 25-ին ու իրենց պահանջները նամակի տեսքով ներկայացրել նախարարությանը, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրանք պահանջում են, որ իրենց, ինչպես բարձրագույն կրթություն ստացած ուսուցիչներին, նույնպես նախ վերապատրաստման ուղարկեն, հետո ատեստավորում անցնելու ևս մեկ հնարավորություն տան։

«Մեզ տվել են նույն թեստերը, ինչ բարձրագույն ավարտածին, բայց մերը պետք է ուրիշ լիներ։ Դա հերիք չէ, նրանց երկրորդ անգամ էլ են թեստ հանձնելու հնարավորություն տալիս, եթե 50+ միավոր են հավաքել, իսկ մեզ այդ հնարավորությունը չեն տալիս։ Պահանջում ենք, որ հավասարություն լինի»,- ակցիայի ժամանակ ասել է Վայոց Ձորի մարզի դպրոցներից մեկի տեխնոլոգիայի ուսուցչուհի Երանուհի Ալավերդյանը։

Բողոքող ուսուցիչներին մոտեցել է հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և հիշեցրել, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները աշխատանքից պետք է ազատվեին դեռ 2023-ի օգոստոսին, բայց նրանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն է տրվել։

Նա բացատրել է, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին երկրորդ հնարավորություն չի տրվել, որովհետև նրանց ատեստավորման հնարավորություն տալու որոշումը եղել է օրենքում անցումային դրույթ, որը նրանք պետք է հաղթահարեին առաջին անգամից։

«Մենք դիտարկում ենք, որ այն ուսուցիչները, որոնք ունեն բարձրագույն կրթություն ստանալու և աշխատանքը շարունակելու ցանկություն, նրանց տրվի այդ հնարավորությունը»,- ասել է Սարգսյանը;

Ուսուցիչներին, սակայն, չի բավարարել պատասխանը, նրանք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպում են պահանջել։

Մոտ 30 րոպե հետո ԿԳՄՍ նախարարը համաձայնել է ընդունել միայն 3 ուսուցչի։

Ավելի վաղ ուսուցիչները բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով կամ թեթեւացնել ուսուցչի ծանրաբեռնվածությունը, կամ ատեստավորման թեստերը կազմել այնպես, որպեսզի մեծամասնությունը կարողանա հաղթահարել այն: