AM
9 January 2024 - 13:04 AMT

Կինոյի տան մոտ կկանգնեցվի Փարաջանովի արձանը, հարակից հրապարակը կկոչվի «Նռան գույնը»

Կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին, որը նշվում է հունվարի 9-ին, մեկնարկել է նրան նվիրված միջոցառումների շարքը: Հանրությանը ներկայացվել է Փարաջանովի արձանը, որն առաջիկայում իր տեղը կգտնի Կինոյի տան հարակից հրապարակում, որը կրելու է «Նռան գույնը» անվանումը:

Քանդակագործ Արա Ալեքյանի հեղինակած գործը ներկայացնելիս` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն ընդգծել է՝ արձանի գաղափարը երջանկահիշատակ Զավեն Սարգսյանինն էր, հայտնում է Արմենպրեսը։

«Նա տարիներ շարունակ երազում էր, որ քաղաքի որևէ հատվածում կանգնեցվի Փարաջանովի արձանը»,-ասել է Խաչատրյանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ 2023-2024-ին նշվել ու նշվում են այնպիսի մեծերի հոբելյաններ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Սերգեյ Փարաջանովը, Շառլ Ազնավուրը և այլք:

«Նրանք մարդիկ են, որոնցով հայ ժողովուրդը ներկայանում է աշխարհին ու ճանաչելի դառնում: Միջոցառումները, որոնք հաստատել է կառավարական հանձնաժողովը, կազմակերպվելու են ամբողջ տարվա ընթացքում: Հաստատել ենք ավելի քան երեսուն ծրագիր, և հոբելյանը նշելու ենք ոչ միայն Երևանում, այլև մարզերում և արտերկրում՝ Վրաստանում, Ֆրանսիայում»,-տեղեկացրել է Հարությունյանն ու շնորհավորեց արձանի բացման կապակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ կարևորել է 2023-ին Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում իրականացված միջոցառումներն ու ասաց, որ Հայ կինոյի 100-ամյակի ամփոփումն ու Փարաջանովի հոբելյանով տարվա միջոցառումների մեկնարկը ցույց են տալիս կինոյի ոլորտում զարգացումը, ինչը ոգևորող է:

Անդրադառնալով Սերգեյ Փարաջանովի արձանին՝ նախարարն ասել է, որ այն շատ լավ է բնութագրում արտիստին, և ինքը հույս ունի, որ Կինոյի տան դիմաց կլինի աստղային պուրակ, ու հենց այդ պուրակում էլ կտեղադրվի արձանը:

1991-ից Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, որտեղ հավաքված են ռեժիսորի գծանկարները, կոլաժները, մանրանկարներն ու Թբիլիսիի բնակարանից բերված իրերը: 2005-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմանել է Փարաջանովի անվան՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը: