Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, որտեղ մեկ օրում 2 սպա է մահացել հրազենային վիրավորումից։
Ասրյանը հանդիպել է հրամանատարական կազմի հետ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Անդրադառնալով զորամիավորմանը ենթակա ստորաբաժանումներում տեղի ունեցած պատահարներին՝ ԳՇ պետը կարգադրել է անել հնարավորը՝ պատշաճ քննություն անցկացնելու, պատճառները պարզելու, հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար:
Նա կարգադրել է մարտական հերթապահության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, պահպանել անվտանգության կանոնները, հետևողականորեն իրականացնել կարգապահության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները:
Մահացու հրազենային վիրավորումով զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ: Նա նշել է, որ չափազանց կարևոր է իրավասու պետական մարմինների կողմից նման գործերով արդյունավետ քննության իրականացումը, ինչպես նաև համանման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ձեռնարկումն ու այդ նպատակով ամբողջական և պատշաճ կառուցակարգերի գործարկումը։
Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ Կարեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 1 անձ ձերբակալվել է։
Նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Ըստ ԶԼՄ–ների, երկու դեպքն էլ տեղի է ունեցել Վարդենիսի դիրքերում։