2024թ. հունվարի 9-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է նշված զորամասի ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վիրավորումով։
Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ։
Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր գործողությունները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Հունվարի 9–ին ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսում մեկ օրում 2 սպա է մահացել հրազենային վիրավորումից։ Ըստ ԶԼՄ–ների, երկու դեպքն էլ տեղի է ունեցել Վարդենիսի դիրքերում։
Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ Կարեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 1 անձ ձերբակալվել է։
Նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: