ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց հիմա քննարկման սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ և ծրագրեր։
Նրա խոսքով՝ ծրագրերի մի մասը բխում են ՀՀ-ԵՄ միջև գործող SEPA պայմանագրից, և մի շարք ծրագրեր պայմանագրից դուրս են, գրում է Sputnik Արմենիան։
«Հնարավորություն ունեցանք քննարկելու այդ հարցերը և՛ Եվրոպական Միության ուղարկած գնահատման առաքելության այցի շրջանակներում, և՛ մեկ ամիս առաջ նրանց հետ հանդիպումների ժամանակ, և՛ Բրյուսել կատարած իմ այցի ժամանակ, երբ պատիվ ունեցա մասնակցելու ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, շփվել իմ գործընկերների հետ, այդ թվում՝ Հունաստանի ջանքերով և նախաձեռնությամբ»,- նշել է Միրզոյանը։
Նա շեշտել է, որ այդ աշխատանքներն ու ջանքերը շարունակական են, Հայաստանն իր կողմից շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները բոլոր ոլորտներում՝ համոզմունքով, որ այդ բարեփոխումներն իրենց հերթին Հայաստանն ավելի են մոտեցնում Եվրոպական Միությանը։
«Այժմ Հայաստանի համար հատկապես անվտանգային հարթության վրա կենսական, չափազանց կարևոր նշանակություն ունի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը»,- ասաց նախարարը։
Ըստ նրա` սա ևս մեկ գործոն է, որն անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագոտում, և համագործակցության մի ոլորտ, որը ևս ենթակա է զարգացման։
Գերապետրիտիսն իր հերթին նշեց, որ Հունաստանը պատրաստակամ է սատարելու Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը։ Անդրադառնալով Հունաստանի ջանքերին, որոնց շնորհիվ նաև Միրզոյանը մասնակցեց ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, հույն նախարարը նշեց, որ նման հանդիպումները կազմակերպելու նախաձեռնությունները շարունակական են լինելու։
Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Միրզոյանի հետ առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։