AM
10 January 2024 - 11:50 AMT

Միրզոյան․ Ադրբեջանի առաջարկներում որոշակի հետընթաց կա մի շարք հոդվածներով

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքին, ասել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին առաջարկներում (դեկտեմբերի վերջ) հայկական կողմը բովանդակային առումով տեսնում է և որոշակի հետընթաց մի շարք հոդվածներով, և որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ։ Այդ մասին նա ասել է Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում։

Նա նշել է, որ հունվարի 4-ին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հայկական առաջարկները, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա և ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք կրկին շատ կառուցողական են»,- նշել է Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ կարևոր են այն սկզբունքները, որոնց վրա վերջնարդյունքում հիմնված է լինելու խաղաղության պայմանագիրը։

«Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որևէ այլևայլության և երկիմաստության։ Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի»,- ասել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով` եթե երկրների միջև սահմանազատման գործընթացը կարող է երկար ժամանակ պահանջել, ապա խաղաղության պայմանագրում առնվազն պետք է լինեն այն հստակ հիմքերը, որոնց վրա հետագայում պետք է ընթանա սահմանազատման գործընթացը։

Նա կրկին շեշտել է, որ տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունն ու հետագա սահմանազատումն այն հարցերն են, որտեղ Հայաստանը չի կարող որևէ անորոշություն թույլ տալ, քանի որ այդ անորոշությունը հիմք ու պարարտ հող է հետագա ագրեսիաների։

«Եթե մենք խաղաղություն ենք հաստատում, հաստատում ենք այնպիսի խաղաղությունը, որ դժվար և հնարավորինս անհնար լինի կասկածի տակ դնել և խախտել, պայմանագրում չպետք է հիմքեր լինեն հետագա էսկալացիաների համար»,- ասել է Միրզոյանը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վրա աշխատանքին, ասել է, թե ադրբեջանցիները բանավոր վստահեցնում են, որ ընդունում են Հայաստանի 4 սկզբունքները՝ սուվերենությունը, իրավազորությունը, փախադարձությունը և հավասարությունը, որը բացառում է որևէ միջանցքային տրամաբանություն:

«Դրական դինամիկա կա, բայց կան հարցեր, որոնց շուրջ բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել: Այն հարցերը, որոնք մնացել են, որոնց համար մենք լուծումներ չենք գտել, ակնկալում ենք, որ փոխանակման և բանակցությունների միջոցով հնարավոր կլինի վերջնականացնել դրանք և հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիրը»,-նշել էր Գրիգորյանը։