AM
10 January 2024 - 12:48 AMT

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար զբաղվածության ծրագիր է ներկայացվելու

Կառավարության առաջիկա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար զբաղվածության ծրագիր է ներկայացնելու։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Սա սոցիալական աջակցության որոշակի տրամաբանություն կունենա՝ մարդուն աստիճանաբար սոցիալական աջակցությունից դեպի աշխատանք ուղղելու»,- ասել է նախարարը, գրում է «Առավոտը»։

Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող միջնաժամկետ ծրագրերի փուլն է այժմ, սա նշանակում է, որ արդեն թիրախավորված աջակցություն պետք է լինի, ըստ կարիքի։

«Նրանք, ովքեր կարիք կունենան, հասցեական աջակցություն կստանան»,– ասել է նա։

Նախարարը նշել է, որ 2020 թվականին տեղահանված արցախցիների համար ծրագրեր ևս նախատեսված են, հայտնում է Factor.am-ը։

Նա հավելել է, որ կարճաժամկետ առումով ծրագրեր են եղել որոնք իրականացվել են ԼՂ կառավարության կողմից, ՀՀ–ից տրամադրվող գումարի շրջանակում։ Ըստ նրա, կարևոր է իրականացնել աշխատանքի խրախուսման միջոցներ և հնարավոր երկարաժամկետ ծրագերերում նրանց վերաբերելի կետեր ևս կլինեն։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։