AM
10 January 2024 - 12:59 AMT

Քոչարյան․ Պապիկյանը պաշտոնանկ չի արվի՝ դեպքերը քննելուց հետո մեղավորները կպարզվեն

Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով երկու զինծառայողի մահվան դեպքերին, ասել է, որ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ չի արվի։

Հարցին, թե արդյոք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպետք է հրաժարական ներկայացնի, Քոչարյանը պատասխանել է՝ ոչ, հայտնում է «Հայկական ժամանակը»։

«Նախաքննության ավարտից հետ պարզ կդառնա՝ ովքեր են տեղի ունեցածի պատասխանատուները: Նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է եղել ինքնասպանություն, եթե ինքնասպանություն է, և ինչո՞ւ է տեղի ունեցել սպանություն, եթե սպանություն է։ Դա պետք է քննվի, և քննելուց հետո նոր պարզ կդառնա մեղավորների շրջանակը: Դուք միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում, էդպես չի։ Եթե էդպես գնանք, այսօր ոչ մի պաշտոնյա իր տեղում չպետք է լինի»,- ասել է Քոչարյանը։

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե դեռևս 2018 թվականին վարչապետը հայտարարել էր, որ բանակում մահվան դեպքերը չպետք է լինեն լրատվամիջոցների վերնագրեր, կոնկրետ պատասխանատուներ պետք է լինեն, այս դեպքում ինչո՞ւ չենք տեսնում պատասխանատուներին։

«Լավ էլ տեսնում եք, երբ ուզում եք՝ տեսնում եք, երբ՝ ոչ, չեք տեսնում»,–ասել է նա։

Հունվարի 9–ին ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսում մեկ օրում 2 սպա է մահացել հրազենային վիրավորումից։

Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ Կարեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 1 անձ ձերբակալվել է։

Նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: