AM
10 January 2024 - 13:39 AMT

Հունաստանի ԱԳ նախարար․ Հույժ կարևոր է, որ ԼՂ մշակութային օբյեկտները պահպանվեն

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը հայտարարել է, որ Հունաստանի համար հույժ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի մշակութային օբյեկտները պահպանվեն՝ այդ ուղղությամբ արշավներ են կազմակերպվելու ոչ միայն Եվրամիության տարբեր կառույցների, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ։

«Մենք միանշանակ կողմ ենք, որ քրիստոնեական խորհրդանշական վայրերը պահպանվեն Լեռնային Ղարաբաղում, և ցանկանում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունն իր տեղում լինի՝ բացահայտելու այն վնասները, որոնք այս վայրերը կրում են և կարող են կրել»,- ասել է հույն նախարարը, գրում է Sputnik Արմենիան։

Հունաստանը նաև մոտ ժամանակներս կգործարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մարդասիրական օգնության ծրագիրը, մասնավորապես, նախագիծն ուղղված կլինի մարդկանց բնակարաններով ապահովելուն:

Գերապետրիտիսը շեշտել է, որ Հունաստանը հավատացած է՝ Հայաստանի ու հայ ժողովրդի բարգավաճումը կարող է լինել Եվրոպայի հետ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։