AM
12 January 2024 - 06:56 AMT

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտի համար

Հունվարի 12-ին՝ ժամը 10։06-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Սյունիքի մարզի ճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Շիրակի և Կոտայքի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորաններում և Ջերմուկ, Աշտարակ, Ապարան, Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն:

Ջերմուկ, Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։