AM
12 January 2024 - 08:47 AMT

Կիևյան կամրջով երթևեկությունը վերանորոգման ընթացքում ամբողջությամբ չի փակվի

Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն հատվածային. աշխատանքների ընթացքում կամուրջը երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի: Այդ մասին ասել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ նշելով, որ կամրջի վերանորոգման աշխատանքները 2024 թվականին ամբողջությամբ կավարտվեն:

«Մեր քննարկումների արդյունքում եկանք այն համաձայնության, որ կամրջի վերանորոգումը լինելու է հատվածային, ըստ այդմ՝ կամուրջը փակ կլինի մաս-մաս: Հուսով եմ ֆորսմաժորային իրավիճակներ չեն ստեղծվի, ու այն ամբողջությամբ փակելու կարիք չի լինի»,-ասել է Գեղամյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ կամրջի շինարարությունը ի սկզբանե կազմված է եղել երկու փուլից, և առաջին փուլի աշխատանքները սկսվել են 2023 թվականից: Գեղամյանի խոսքով՝ որոշ աշխատանքներ, որոնք նախատեսված են եղել առաջին փուլով, չեն կատարվել, քանի որ դրանք կապված են եղել երեսպատման հետ, և, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, հնարավոր չի եղել իրականացնել։ Այդ աշխատանքները նույնպես կշարունակվեն 2024 թվականին:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կամրջից ինքնասպանության փորձերը կանխարգելելու ուղղությամբ նոր քայլեր իրականացվելո՞ւ են՝ Գեղամյանը պատասխանել է, որ հավելյալ կոնստրուկտիվ փոփոխություններ կամրջի վրա նախատեսված չեն:

«Ճաղավանդակներ արդեն իսկ կան և նորերի տեղադրում առայժմ նախատեսված չէ, իսկ նշված ինքնասպանության փորձերը կանխելու մասով նշեմ, որ կամուրջների վրա ոստիկանության կողմից կա մշտական հսկողություն»,- եզրափակել է նա: