Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով Վարդան Ղուկասյանի հեռացմանը «Հանրային ձայն» կուսակցությունից և վերջինիս արձագանքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Հանրային ձայնի» լիդերը իր բերանով խոստովանել է, որ ընտրություններից հետո իր կուսակիցները փաստացի աշխատել են ՔՊ-ի օգտին։
Նա նաև գրել է, որ «Հանրային ձայնն» ու ՔՊ–ն Երևանի ավագանու ընտրություններից հետո «պասերով» խաղ են խաղացել՝ մոլորեցնելով ընտրողներին ու չեզոքացնելով ընդդիմության հաղթանակի հնարավորությունը։
«Այն, ինչի մասին մենք ասում էինք վերջին երեք ամիսներին, արդեն պաշտոնական հաստատում ստացավ․ գործող իշխանությունն ու իրեն ընդդիմադիր ներկայացնող «Հանրային ձայնը» Երևանի ավագանու ընտրություններից հետո «պասերով» խաղ են խաղացել՝ մոլորեցնելով ընտրողներին ու չեզոքացնելով ընդդիմության հաղթանակի հնարավորությունը։
Եթե չեք հետևել այսօրվա լրահոսին, տեղեկացնեմ, որ «Հանրային ձայնի» լիդերը իր բերանով խոստովանել է, որ ընտրություններից հետո իր կուսակիցները փաստացի ՔՊ-ի օգտին են աշխատել՝ «որպեսզի ՔՊ-ն իրեն լավ զգա»։ Հիմա նրանք հայհոյում են մեկը մյուսին։ Թե որն է ներկուսակցական գզվրտոցի իրական պատճառը՝ ինչ չեն կիսել իրար միջև, ով ինչ է ստացել ու ինչ չի ստացել ՔՊ-ից, դա մեզ իհարկե, չի հետաքրքրում։
Ուզում եմ ուղղակի արձանագրենք, որ ընտրություններից հետո մեր դիրքորոշումը միանգամայն իրատեսական էր և արդարացված։
Մենք շարունակում ենք մեր դիրքերում մնալ՝ հավատարիմ մեր սկզբունքներին։ Իսկ կեղծավորների ու քաղաքական առևտրականների կյանքը, ըստ հայկական ժողովրդական ասացվածքի, 40 օր է»,–ասվում է գրառման մեջ։
«Հանրային ձայն»-ի կառավարման խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որով Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը դադարեցված է համարել՝ նշելով, որ որոշման հիմքը Վարդան Ղուկասյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալն է։
«Հանրային ձայն» կուսակցության խորհրդի անդամ, հիմնադիր և պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով կուսակցությանն իր անդամությունը դադարեցնելուն, ասել է, որ դրա հիմքում եղել է ինքը՝ չի լինի ինքը, չի լինի կուսակցությունը։ Նա նշել է, որ այսպես ուզում են կանխել իր մասնակցությունն առաջիկա ընտրություններին, քանի որ իր կուսակցությունն առնվազն 22 տոկոս ձայն կարող էր հավաքել։