AM
12 January 2024 - 11:03 AMT

Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է․ Նրա մասնակցությամբ ռեստորանում միջադեպ է եղել

Հունվարի 11-ին Կոտայքի մարզի «էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալը հայտնաբերվել է՝ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն է, հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, նա հայտնաբերվել է Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրուն, ապա բերման ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:

Ավելի ուշ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Խաչատրյանի մասնակցությամբ դեպքից։

«Հունվարի 11-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է ոստիկան մոտենա։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։

Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը:

Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են»,–ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։