AM
12 January 2024 - 11:18 AMT

Աբրահամյան․ Ալիևի հարցազրույցից 2 օր է անցել, իսկ նրա հետ բանակցող Փաշինյանը չի արձագանքել

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանի հետ բանակցությունների հետ կապված հարցազրույցից 2 օր է անցել, իսկ նրա հետ բանակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի արձագանքել:

«Ստացվում է հետևյալ պատկերը: Ադրբեջանի պահանջով Հայաստանը պետք է նախ փոխանցի Տավուշի այն 4 գյուղերը, որոնք անկլավի կարգավիճակ չունեն սահմանակից են Ադրբեջանին, իսկ հետո բանակցեն 4 անկլավների Ադրբեջանին հանձնելու և դրանք Ադրբեջանի հետ ճանապարհով կապելու մասին` բնականաբար ՀՀ-ի հաշվին:

Ադրբեջանը չի խոսում Տավուշի այն տարածքների մասին, որոնք իրենք են օկուպացրել, Արծվաշենի մասին, ինչպես նաև 2021-22 թթ.-ին ագրեսիայի ենթարկած ու բռնազավթած Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք հատվածների դրանք համարելով պատերազմական ավար կամ «պատմական ադրբեջան»:

Սա դեռ երևացող մասն է»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հունվարի վերջին տեղի է ունենալու Ադրբեջանի և ՀՀ սահմանազատման հանձնաժողովի նիստը, որտեղ մեկ թեմա է քննարկվելու՝ սահմանազատումը Ադրբեջանի Ղազախի շրջանի և ՀՀ Տավուշի մարզի հատվածում։ Նա հավելել է, թե «հայերի օկուպացիայի տակ գտնվող 8 ադրբեջանական գյուղերի հարցը մշտապես օրակարգում է»։