2024 թվականին ավարտին կհասցվի հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումն ու ներդրումը ու դրա շրջանակում ամբողջությամբ կվերանայվի շտապօգնության ծառայության բովանդակությունն ու աշխատավարձերը։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ բուժաշխատողների աշխատավարձի վերանայումն ամեն տարվա նպատակներից է, հայտնում է «Առավոտը»։
«2023-ին ներդրվեց առաջնային օղակներում մանկաբույժների, թերապևտների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի, բուժակ -մանկաբարձական կետերում բուժքույրերի աշխատավարձերի բոնուսային համակարգը, որը պատշաճ աշխատանքը խրախուսելու և ջանքերը փոխհատուցելու նպատակ ունի։ Սա առաջնային օղակ այցելությունների թվի վրա դրական է ազդել»,-ասել է նախարարը։
Շտապօգնության ծառայողների աշխատավարձերը, ըստ նախարարի, մինչև տասը տոկոս բարձրացել են։
«Իհարկե սա բավարար չէ։ Աշխատավարձերի վերանայումը ամեն տարվա մեր նպատակներից է, բայց կարևոր է, որ նաև բովանդակությունը փոխի։ Այս տարի կամփոփենք և կավարտենք հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումն ու ներդրումը ու դրա շրջանակներում ամբողջությամբ կվերանայվի շտապօգնության ծառայության բովանդակությունն ու աշխատավարձերը»,–ասել է նա։