Հունվարի 15-ից դպրոցներում բուժքույրերը կզննեն աշակերտներին: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բուժքույրերը կզննեն աշակերտներին։ Եթե որոշակի սիմպտոմներ գրանցվեն, ապա նրանց տուն կուղարկեն»,– նշել է Ավանեսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` դպրոցներում բացակայությունների թիվը չի գերազանցում 2 տոկոսը։
ՀՀ–ում հունվարի 11-ի դրությամբ գրանցվել է գրիպի և սուր շնչառական վարակների աճ, համաճարակաբանական իրավիճակը համապատասխանում է սեզոնային մակարդակին։ Հունվարի 10-ի դրությամբ սուր շնչառական վարակներով բուժհաստատություններ է դիմել 1940 մարդ: Հիվանդների ընդհանուր թվի 63%-ը կազմել են 0-ից 18 տարեկան անձինք:
Հունվարի 10-ին սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 759 մարդ (90%-ը՝ երեխաներ), 280 հիվանդի ախտորոշվել է թոքաբորբ (60%-ը՝ անչափահասներ)։ Նշված ժամանակահատվածում շտապօգնության ստացած կանչերի 17%-ը վերաբերել է սուր շնչառական վարակներին։