Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցին, նշել է, որ Իլհամ Ալիևը ինքն է խոստովանում, որ բանակցային գործընթացի բարեխիղճ մասնակից երբեք չի եղել։ Գրիգորյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Նրանց, ով խաղաղ գործընթացի տապալումը վերագրում է Հայաստանին՝ Ալիևն ինքն է խոստովանում, որ բանակցային գործընթացի բարեխիղճ մասնակից երբեք չի եղել՝ առաջնորդվելով «ամեն ինչ կամ ոչինչ» իր սկզբունքով»,–ասվում է գրառման մեջ։
Փորձագետը նաև հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Ալիևը պնդում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» լինի ռուսների ներկայությունը։
Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև ասել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը չեն բացի։
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից։