AM
13 January 2024 - 09:42 AMT

Տիրան Խաչատրյանի փաստաբաններ․ Հերյուրանքի նպատակը գեներալի հեղինակության վրա բացասաբար ազդելն է

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի փաստաբաններից Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մամուլում տարածվող տեղեկատվություններն այն մասին, թե, իբր, գեներալ Խաչատրյանը փախել կամ թաքնվել է քննությունից, չի համապատասխանում իրականությանը, հերյուրանք է և նպատակ ունի բացասաբար ազդելու գեներալ Խաչատրյանի հեղինակության վրա։

Վարազդատ Հարությունյանը փաստաբան Վաչե Սիմոնյանի հետ ստանձնել է գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը։

«Ձերբակալման պահին գեներալ Խաչատրյանը գտնվել է ինձ հետ․ մենք միասին պատրաստվում էինք դուրս գալ և ներկայանալ ոստիկանության բաժին։ Տեղեկությունը, ըստ որի` Տիրան Խաչատրյանը հարբած վիճակում իրականացրել է խուլիգանություն, նույնպես հերյուրանք է։

Գործի նախաքննությանը չվնասելու նպատակով այս փուլում զերծ կմնանք գործի մանրամասների վերաբերյալ հրապարակային հայտարարություններից, սակայն վստահեցնում ենք, որ գործի քննությունը ցույց կտա, որ որևէ խուլիգանական արարք Տիրան Խաչատրյանը թույլ չի տվել։

Առայժմ կսահմանափակվենք այս հայտարարությամբ, խնդրում ենք լրացուցիչ մեկնաբանություններ մեզանից չխնդրել, հարկ եղած դեպքում մենք ինքներս կներկայացնենք հավելյալ տեղեկատվություն` ելնելով գործի հանրային հնչեղությունից»–ասվում է գրառման մեջ։

Հունվարի 11-ին Կոտայքի մարզի «էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալը հայտնաբերվել է՝ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն է, հայտնել է Shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի, նա հայտնաբերվել է Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրուն, ապա բերման ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:

Ավելի ուշ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Խաչատրյանի մասնակցությամբ դեպքից․Հունվարի 11-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է ոստիկան մոտենա։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։ Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ:

Հրազենային վնասվածք պատճառողը հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: