Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, ով այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Բժիշկն այժմ բուժօգնություն է ստանում։
«Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և ակնկալում իրավաչափ գնահատական։
Բուժաշխատողների, ինչպես նաև բուժհաստատություններում մեր պացիենտների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են։
Այս խնդիրների հանդեպ մեր մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական»,–ասվում է գրառման մեջ։
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ևս տեղեկություններ է հայտնել այդ մասին։
«Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը։ Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41 ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։ Հունվարի 14–ի առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը' նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։
Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ' նշելով որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։
Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։
Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ»,–ասվում է գրառման մեջ։