Երևանի ավագանում «Հանրային ձայն» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ խմբակցության անդամները չեն մասնակցել Արտակ Գալստյանի հրավիրած որևէ նիստի կամ համագումարի, ինչպես նաև՝ կուսակցության ղեկավար կազմում փոփոխություններ կատարելուն վերաբերող որևէ քննարկման։
Ավելի վաղ «Հանրային ձայնի» կառավարման խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որով կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը դադարեցված է համարել՝ նշելով, որ որոշման հիմքը Վարդան Ղուկասյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալն է։
Կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը կալանքի տակ է․ ավագանու հերթական ընտրություններում հենց նա էր «Հանրային ձայնի» քաղաքապետի թեկնածուն, սակայն, լինելով կալանավորված, չի ներկայացել ավագանու նիստերին և վայր չի դրել մանդատը։ Ի դեպ, Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Արտակ Գալստյանն այլևս կապ չունի «Հանրային ձայն» կուսակցության հետ։
Նշվում է, որ «Հանրային ձայն» կուսակցությունը, ինչպես նաև համանուն խմբակցությունը ձևավորվել են նույն գաղափարը կիսողների համախմբմամբ՝ երկրի և ազգի առաջ ծառացած սպառնալիքներին դիմագրավելու մղումով:
«Վերջին զարգացումներն անսպասելի և տհաճ էին բոլորիս համար, սակայն մի կողմ դնելով անձնական ամբիցիաները և հարգելով 22,000-ից ավելի երևանցու քվեն, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հանրային Ձայն» խմբակցության անդամները չեն մասնակցել Արտակ Գալստյանի կողմից հրավիրված որևէ նիստի կամ համագումարի, ինչպես նաև՝ կուսակցության ղեկավար կազմում փոփոխություններ կատարելուն վերաբերող որևէ քննարկման։ Ինչից հետևում է, որ ցանկացած որոշում կայացվել է առանց մեր ազատ կամքի և մոտեցման արտահայտման, ինչը, ոչ միայն անընդունելի է բոլորիս համար, այլև խիստ դատապարտելի:
Որպես գաղափարի նվիրյալներ, մենք հավատարիմ ենք մնում մեր որդեգրած կողմնորոշիչներին և պատրաստ ենք մինչև վերջ պայքարել հանուն ժողովրդավարական արժեքների, մարդու ու քաղաքացու իրավունքների պաշտպանության, իրավական պետություն կերտելու: Մեր խմբակցության համար գերակա շահ է հանդիսանում ազգային գաղափարախոսությունը և արդարության վերականգնումը:
Մենք մշտապես կանգնած ենք պետության, պետականության և հանրային շահի կողքին։ Մեր բարոյական նկարագիրը մեր հաղթանակի գրավականն է: Մեր ցանկացած քայլ պետք է բխի բացառապես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ու հայի համար արդար ու իրավական պետություն կառուցելու տեսանկյունից», – ասվում է հայտարարության մեջ:
«Հանրային ձայն» կուսակցության խորհրդի անդամ, հիմնադիր և պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով կուսակցությանն իր անդամությունը դադարեցնելուն, ասել է, որ դրա հիմքում եղել է ինքը՝ չի լինի ինքը, չի լինի կուսակցությունը։ Նա նշել է, որ այսպես ուզում են կանխել իր մասնակցությունն առաջիկա ընտրություններին, քանի որ իր կուսակցությունն առնվազն 22 տոկոս ձայն կարող էր հավաքել։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով Վարդան Ղուկասյանի հեռացմանը «Հանրային ձայն» կուսակցությունից և վերջինիս արձագանքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Հանրային ձայնի» լիդերը իր բերանով խոստովանել է, որ ընտրություններից հետո իր կուսակիցները փաստացի աշխատել են ՔՊ-ի օգտին։