AM
16 January 2024 - 06:21 AMT

ՀՀ–ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։ Տաթև-Աղվանի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ճանապարհը՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Գորիս-Սիսիան ճանապարհին բուք է: Արտաշատում մառախուղ է։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։