ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարությամբ է հանդես եկել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությանն առնչվող իր մտահագությունների մասին։
Նա նշել է, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները «բամբասանք ու զրպարտանք պարունակող քաղաքական շահարկումներ են» և վերջինս իրական քննության փոխարեն, «զբաղված է եղել պարտությունը զինված ուժերի վրա «փաթաթելու» գործով»։
«2024 թվականի հունվարի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով 44-օրյա պատերազմում պարտության պատճառների վերաբերյալ «համապարփակ հարցին», արել է հայտարարություններ, որոնք հաստատել են 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ նախկինում բազմիցս արտահայտված իմ մտահոգությունները։
Խոսելով պարտության պատճառներից՝ Անդրանիկ Քոչարյանը հիշատակել է «առանձին դրվագներ», մասնավորապես անդրադարձել է այն քրեական գործին, որով անցնում եմ ես ու մի շարք նախկին բարձրաստիճան զինվորականներ, որն արժանացել է հանձնաժողովի նախագահի «մանրամասն ուսումնասիրությանը»։
Հատկանշական է, որ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները ոչ միայն բամբասանք ու զրպարտանք պարունակող քաղաքական շահարկումներ են, այլև հակասում են ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որով հստակ ձևակերպված է, որ Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:
«Անորակ հրթիռների» գործով դատավճիռ դեռևս չի կայացվել, իսկ դատարանն այդպես էլ չընդունեց բաց դատավարություն անցկացնելու վերաբերյալ իմ և մյուս «մեղադրյալների» բազմաթիվ միջնորդությունները, քանզի բաց դատավարության անցկացման պարագայում հանրությանը հնարավորություն էր տրվելու տեսնել, որ գործ ունենք ոչ միայն անհիմն մեղադրանքի, այլև, ինչպես նախկինում հայտարարել եմ, քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդման հետ։
Ուստի, հաստատվում են դեռևս ԱԺ քննիչ հանձնաժողովի բաց նիստում բարձրաձայնված այն մտահոգություններս, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն իր ողջ գործունեության ընթացքում, իրական քննության փոխարեն, զբաղված է եղել պարտությունը զինված ուժերի վրա «փաթաթելու» գործով, և հենց այդ տրամաբանությունից են բխում Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտիչ և օրենքին հակասող հայտարարությունները։
Սույն հայտարարությամբ ՀՀ Գլխավոր դատախազի ուշադրությունն եմ հրավիրում օրենքի վերը նշված կոպտագույն խախտման փաստի վրա»,–ասվում է հայտարարության մեջ:
2018-ից մինչ 44-օրյա պատերազմի ավարտը պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Տոնոյանն ու բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ (Պատրոն Դավո) մեղադրվում են մոտ 4․7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Ըստ մեղադրող կողմի, 2018-ին բանակի համար ձեռք է բերվել ավելի քան 4 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռ, որոնք հնարավոր չի եղել կիրառել պատերազմի ընթացքում։ Հենց այդ գործարքի հետևանքով պետությունը միլիոնավոր դոլարների վնաս է կրել։ Գործի քննությունը լրագրողների համար դռնփակ ռեժիմով էր անցկացվում, պաշտպանական կողմն ամբողջ ընթացքւմ հրապարակային դատավարություն էր պահանջում՝ պնդելով, որ այս քրեական գործը պետական գաղտնիքներ չի պարունակում։ Դատարանն այս միջնորդությունը միայն մեկ անգամ է բավարարել. նիստը 1 ժամ դռնբաց է կայացել։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, պետի նախկին տեղական Ստեփան Գասլտյանը ու ևս երեք անձ։