AM
16 January 2024 - 07:46 AMT

ԱԺ–ն ընդունել է զինծառայությունից 15 մլն դրամի դիմաց ազատվելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն ընդունել է զինծառայությունից փողով ազատվելն օրինականացնելու ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը։ Կողմ են քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները (61 ձայն), դեմ «Հայաստան» խմբակցությունից (27 ձայն), և ձեռնպահ ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները (6 ձայն):

Նախագիծն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում, հայտնում է Sputnik Արմենիան։

Տվյալ օրինագիծը բազմաթիվ տարաձայնությունների առիթ էր դարձել և ՔՊ–ական, և ընդդիմադիր պատգամավորների շրջանում։

Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ ակնկալվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն պետբյուջե։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը որոշ տեխնիկական փոփոխություններ էր առաջարկել։

Մեկի պարագայում 1 ամիս ծառայության դիմաց առաջարկվող 10 մլն դրամը կդառնա 8 մլն դրամ։

Մեկ այլ փոփոխությամբ սահմանային տարիքը դարձել է 45` 37-ի փոխարեն, որպեսզի օրինագծից կարողանան օգտվել նաև սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները։

Երրորդ փոփոխությամբ էլ առաջարկվել է վերջերս ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց համար սահմանված 27-37 տարեկանը փոխել և դարձնել 18-45 տարեկան։

Այս կետը ոչ միանշանակ էր ընդունվել ներքին գործերի նախարարության կողմից և առաջարկվել էր այն հանել։