AM
16 January 2024 - 12:56 AMT

Պապոյան․ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այնպիսի կետ, թե ՌԴ-ն ինչ-որ բան պետք է վերահսկի, գոյություն չունի

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, անդրադառնալով կոմունիկացիաների բացման խնդրին, ասել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա կետ, որտեղ նշված է, որ Ռուսաստանը պետք է վերահսկողություն սահմանի ինչ-որ ճանապարհի նկատմամբ. խոսքը բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է, հայտնում է Արմենպրեսը։

«Նման կետ գոյություն չունի։ Երբ որ մենք կարդում ենք 9-րդ կետը, տեսնում ենք, որ այդ կետը նրա մասին է, որ Հայաստանն ընդամենը պետք է ճանապարհ տրամադրի: Եվ Հայաստանը պատրաստ է այդ ճանապարհը տրամադրել՝ մեր օրենսդրությանը համապատասխան։ Իսկ ո՞վ է ասել, թե Հայաստանը երբևէ փակել է ճանապարհները։

Երկրորդը՝ խոսենք առհասարակ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կա՞ մեկ կետ, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանն ինչ-որ բան պարտավորվել են անել և արել են։ Չկա՛ այդպիսի կետ։ Բոլոր կետերը՝ այն, ինչ-որ իրենք պետք է անեին, չեն արել»,-ընդգծել է Պապոյանը։

Պատգամավորի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում տալուց առաջ թող բոլոր մարդիկ վերադառնան Լեռնային Ղարաբաղ, թող ադրբեջանցիները դուրս գան այդ տարածքներից, թող Լաչինի միջանցքը մնա, Ռուսաստանի Դաշնությունն իր խաղաղապահ կոնտինգենտով շարունակի Լաչինի միջանցքում և մնացած տարածքներում իրականացնել իր գործառույթները։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման կետեր կան, բայց այնպիսի կետ, թե Ռուսաստանն ինչ-որ բան պետք է վերահսկի՝ գոյություն չունի։ Խոսքը ճանապարհների բացման մասին է, կոմունիկացիաների ապաշրջափակման, ինչը Հայաստանի օրակարգն է»,- եզրափակեց Պապոյանը։

2024–ի մեկնարկին զուգահեռ Ադրբեջանում և Թուրքիայում կրկին սկսել են խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին և դրա ավարտի ժամկետներ նշում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը չեն բացի։

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին։ Նա նշել է, որ ցամաքային ճանապարհով Թուրքիան այլ թյուրքական երկրների հետ կապող «Զանգեզուրի միջանցքի» 43 կմ–ն անցնում է Հայաստանի տարածքով։