«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ մինչ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում դժվար թե լինի, հայտնում է «Ազատությունը»։
Թեև Գևորգ Պապոյանը հիասթափված է Ալիևի տարեսկզբի հայտարարություններից, սակայն, չի կարծում, որ բանակցությունները փակուղում են:
«Քանի դեռ կա բանակցելու, խոսելու և առաջարկները փոխանակելու հնարավորություն, երբ դու ինչ-որ բան ես ուղարկում իրենք պատասխանում են, ես կարծում եմ, այդպիսի իրավիճակի մասին չէի խոսի, բայց այսպես ասեմ, ակնհայտորեն այն լավատեսությունը, որը կարող էր լինել, իմ մոտ գոնե չկա», – նշել է Պապոյանը:
Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ Բաքուն դեմ է սահմանազատմանը 1975 թվականի քարտեզներով՝ պատգամավորն ասել է, որ Երևանը դեմ չէ քննարկել, այլ թվականների քարտեզներ՝ կարևորելով դրանց իրավական հիմքերի առկայությունը:
«Եթե օրինակ՝ հայտնվի ենթադրենք 60 թվականի քարտեզ, որն էլի իրավական հիմք ունի, մենք սկզբունքորեն խնդիր չունենք դրա հետ, բայց քարտեզը պետք է ունենա իրավական հիմք, այդ քարտեզը պետք է հաստատված լինի, օրինակ, ադրբեջանական СС, հայկական СС գերագույն խորհուրդների կողմից կամ Խորհրդային միության գերագույն խորհրդի կարող է լինել, կարող է որոշակի նախարարության այն ժամանակ, այսինքն, պաշտոնական փաստաթուղթ պետք է լինի, ոչ թե օրինակ՝ պատմաբանների կողմից նկարած քարտեզ, այդպես չի կարող լինել», – ասել է պատգամավորը:
Սահմանազատումը 1940-60-ականների քարտեզներով իրականացնելու մասին Ալիևը մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարել է՝ պնդելով, թե այդ ժամանակ են ադրբեջանական հողերը տրվել Հայաստանին:
Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև ասել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը չեն բացի։
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից։