AM
16 January 2024 - 14:19 AMT

Փաշինյան․ ԵԱՏՄ երկրների համար պետք է գործեն ընդհանուր էներգետիկ շուկաներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության կապակցությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում նախանշել է գլխավոր առաջնահերթությունները:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի առաջնահերթություններից է էներգետիկ անվտանգության ապահովումը. էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը՝ առանց խտրական գործունեության սկզբունքներով, հայտնում է Aysor.am-ը։

Վարչապետի խոսքով՝ համաշխարհային տնտեսության ներկայիս անկայունությունը պահանջում է տնտեսական փոխգործակցության սկզբունքների ու գործիքների վերանայում։

Փաշինյանն ասել է, որ տնտեսական համագործակցության առանցքային տարրը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտն է։

«Անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել տարանցիկ ներուժը և ԵԱՏՄ աշխարհագրական դիրքի հնարավորությունները արտաքին շուկաներ դուրս գալու համար, որոնք այս փուլում դեռ բավարար չափով չեն օգտագործվում անդամ երկրների կողմից։ Անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և երրորդ երկրներ ապրանքների արտահանման ուղղությամբ՝ առավելագույնի հասցնելով միջազգային կազմակերպությունների և միջազգային զարգացման ինստիտուտների հետ հարաբերությունների ներուժը»,- նշել է ՀՀ վարչապետը։

Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունը։ ՀՀ-ն 1 տարի նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում: