Ըստ Irish Cinephile լրատվականի, որը լուսաբանում է կինոյի և հեռուստատեսային նորությունները, ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է 2023 թվականի 25 լավագույն ֆիլմերի շարքում, հայտնում է Ազգային կինոկենտրոնը։
«Ֆիլմն անիմացիոն/արխիվային հիբրիդային վավերագրություն է, որը մեզ ներկայացնում է մարդկային հուզիչ պատմություն՝ կենտրոնանալով Հայոց ցեղասպանությունը վերապրած Արշալույս/Ավրորա Մարդիգանյանի անցած ճանապարհի վրա՝ պատմելով, թե ինչպես նա դարձավ հին Հոլիվուդի համր ֆիլմի աստղ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից: Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմի (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas») ռեժիսորը և սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը տեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: