AM
17 January 2024 - 08:43 AMT

ՀՀ նախագահն ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարը Դավոսում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Աշխատանքային այցով Դավոսում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ՝ անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն ու առկա անվտանգության մարտահրավերներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ օրակարգի խորացման, այնպես էլ՝ ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր։

Երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված հայեցակարգերն ու իրականացվող ծրագրերը։

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել նաև Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ։ Նրանք խոսել են հարավկովկասյան տարածաշրջանային իրավիճակի, Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամական հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման մասին։ Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆիլիպ թագավորին հրավիրել է Հայաստան:

ՀՀ նախագահն աշխատանքային այցով Շվեյցարիայում է հունվարի 15-18-ը։