ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը հունվարի 17-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանն ուեցած ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման գործընթացը։
Ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարվելը և Հայաստանի նկատմամբ նոր պահանջների առաջադրումը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը՝ դեսպանը կոչ է արել Նախարարների կոմիտեին լինել հետևողական և ձեռնարկել հստակ քայլեր՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումից Ադրբեջանին զսպելու համար։
Անդրադառնալով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներով հրապարակած մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցին՝ Խաչատրյանն ընդգծել է՝ Միյատովիչի արձանագրումները հստակ բացահայտում են Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հանգամանքների վերաբերյալ Ադրբեջանի անհիմն պնդումները։
Դեսպան վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը նախկինում համաձայնեցված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործընթացին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։։