AM
18 January 2024 - 07:43 AMT

Նախարար․ Շտապօգնության զանգերը կֆիլտրվեն, կանչեր կսպասարկեն նաև պոլիկլինիկաների բժիշկները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Շտապօգնության ծառայությունը կբարեփոխվի, զանգերը կֆիլտրվեն, մի մասը կուղղորդվի առաջնային օղակ։

«Բարեփոխումների ծրագիրը մեծ տեմպերով առաջ է գնում։ Մենք արդեն սկսել ենք շտապօգնության ծառայության թե ձևի, թե բովանդակության փոփոխության պիլոտային ծրագիրը։ Փոփոխվում են շտապօգնության կանչերի գրանցման և դրանց արձագանքման մեխանիզմները, ստեղծվելու են կենտրոնական դիսպետչերական կայաններ»,- ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ երբ շտապ օգնության են դիմում, սակայն դա կանչի ենթակա կարիք չէ, այս դեպքերում զանգերը կուղղորդվեն առաջնային օղակ՝ տեղամասային բժշկին, որ այս օղակն իր պարտականությունների շրջանակում ապահովի բուժօգնությունն ու թեթևացնի շտապ օգնության կանչերի ծանրաբեռնվածությունը։

«Մտածում ենք նաև առաջնային օղակում ավտոմոբիլային որոշակի հնարավորություններ ստեղծելու շուրջ, քննարկվում է ծրագիրը, այն կներկայացվի նաև մասնագետների քննարկմանը»,- նշել է նախարարը։

Ըստ նոր մշակվող ծրագրի՝ առաջնային օղակի բժիշկները ևս պետք է կարողանան կանչերի սպասարկում իրականացնել այն դեպքերում, երբ դրանք շտապ օգնության ծառայության կանչ չեն։

Նախարարը կարծում է, որ այսպես հնարավոր կլինի թեթևացնել համակարգի աշխատանքն ու հնարավորություն տալ սպասարկելու իսկապես հրատապ բուժօգնության կարիք ունեցող կանչերը։

Ավելի վաղ Ավանեսյանն ասել էր, որ 2024 թվականին ավարտին կհասցվի հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումն ու ներդրումը ու դրա շրջանակում ամբողջությամբ կվերանայվի շտապօգնության ծառայության բովանդակությունն ու աշխատավարձերը։

«2023-ին ներդրվեց առաջնային օղակներում մանկաբույժների, թերապևտների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի, բուժակ -մանկաբարձական կետերում բուժքույրերի աշխատավարձերի բոնուսային համակարգը, որը պատշաճ աշխատանքը խրախուսելու և ջանքերը փոխհատուցելու նպատակ ունի։ Սա առաջնային օղակ այցելությունների թվի վրա դրական է ազդել»,-ասել է նախարարը։