Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով արցախցիների համար մշակվող բնակարանային ծրագրին, կարևորել է այդ փաստը և միևնույն ժամանակ նշել, որ առ այսօր արցախցիներին առնչվող որոշումները կայացվել են զրո ներառականությամբ՝ հանգեցնելով բացթողումների ու սխալների։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«ՀՀ կառավարությունից արդեն քանիցս հայտարարել են, որ մշակում են Արցախից տեղահանված անձանց բնակարանային կարիքների բավարարման ծրագիրը:
Լավ է, որ նման ծրագիր է մշակվում, սակայն կրկին հիշեցնում ու պնդում եմ, որ այդ ծրագրի նախագիծը պետք է լայն հանրային ու փորձագիտական քննարկման ենթարկվի նախքան ընդունվելը: Հատկապես նման մասշտաբի ու կենսական ծրագրի պարագայում ներառականությունը պարտադիր պայման է՝ ապահովելու համար ծրագրի արդյունավետությունը:
Ցավոք, առ այսօր արցախցիներին առնչվող որոշումները կայացվել են զրո ներառականության և ցածր հանրային հաղորդակցության պայմաններում՝ հանգեցնելով բազմաթիվ բացթողումների ու սխալների»,–ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։