AM
18 January 2024 - 09:59 AMT

Կառավարությունը մտադիր է օրենքով արգելել զինծառայողներին խաղադրույքներ կատարելը

Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրված մահվան դեպքերի պատճառներին, ասել է, որ պատճառները շատ խորքային են և հավելել, որ այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։

Նա նշել է, որ կառավարությունը մտադիր է օրենքով արգելել զինծառայողներին խաղադրույքներ կատարելը, հայտնում է Արմենպրեսը։

«Օրինակ՝ պաշտպանության նախարարի հետ խոսել ենք և ասել, որ, այո, գնացեք օրենսդրական կարգավորումներ արեք և զինծառայողներին արգելեք խաղադրույքներ կատարելը, որովհետև երբ մարդը ընկնում է այդ թակարդը, տասնյակ միլիոնների պարտք է կուտակում։ Հետո այդ պարտատերերի ճնշումներից թողնում, գնում է դիրք և որոշում է ինչ-որ գործողություն անել, իհարկե, մեր պատասխանատվությունն է։ Բայց մենք պետք է ինստիտուցիոնալ լուծում տանք։ Կամ երբ զանգում են և ասում, որ սեղանը գցած է, մեր երեխուն ոնց ուզում եք բերեք, տեղ հասցրեք և ամենատարբեր լծակներ են օգտագործում դրա համար։ Այո, մեր պատասխանատվությունն է, բայց պետք է առերեսվել այս բաների հետ, պետք է խոսել այս ամենի մասին»,- ընդգծել է Փաշինյանը։