Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն ասուլիսում հայտարարել է, որ վերջին 4 տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ Զինված ուժերում ունենք մահացության դեպքերի դինամիկ աճ։
«2018թ. մահվան 63 դեպք է արձանագրվել, 2019-ին՝ 49, 2020թ.՝ 54 դեպք, 2021-ին՝ 58 դեպք, 2022-ին՝ 64, 2023թ ավելի շատ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նա նշել է, որ նույնն է վիճակը նաև ինքնավնասումների առումով․ 2020թ՝ 65, 2021թ՝ 77, 2022-ին՝ 108 ինքնավնասման դեպք։
«Երբ խոսում ենք խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան մասին՝ միանգամից մեր մտքում գալիս են կարգապահության հետ կապված հարցերը: Սա ամենախորքային խնդիրն է, որ տարիներ շարունակ կա և ներկայումս էլ առկա է»,-ասել է նա։
Հունվարի 9–ին ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսում մեկ օրում 2 սպա է մահացել հրազենային վիրավորումից։ Ըստ ԶԼՄ–ների, երկու դեպքն էլ տեղի է ունեցել Վարդենիսի դիրքերում։ Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ Կարեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 1 անձ ձերբակալվել է։
Նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: