AM
19 January 2024 - 09:07 AMT

Փոխվարչապետն ու Կլաարը սահմանազատման սկզբունքներին և իրավական հիմքերին առնչվող հարցեր են քննարկել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին՝ քննարկել են տարածաշրջանային զարգացումները:

Զրուցակիցները քննարկել են նաև սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որով հստակ նկարագրվում է տարածաշրջանում տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային կապերի ապաշրջափակման հեռանկարը, կառուցվածքը, տրամաբանությունը և հիմնական սկզբունքները, հայտնում են փոխվարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։