AM
19 January 2024 - 10:38 AMT

ԱԳՆ–ում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել են դաշինքի հետ գործակցության օրակարգային հարցեր

Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցերը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Վահան Կոստանյանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները՝ հանրահայտ սկզբունքներին համահունչ։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը:

Այս համատեքստում նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հասցեական գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և խաղաղության պահպանմանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։