AM
19 January 2024 - 12:57 AMT

ՊՆ․ Ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու հանգամանքներն ուսումնասիրվում են, ներթափանցման փորձ չի եղել

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, հայտնել է, որ Արավուսից ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն ուսումնասիրվում են, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ առաջնագծում իրադրության, սահմանային միջադեպերի և խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է. որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս ներթափանցման փորձ անգամ տեղի չի ունեցել։

«Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության»,-հաղորդել է Թորոսյանը։

Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Տեղի համայնքապետն ու ավագանու անդամը հայտնել էին, թե ադրբեջանցիները Արավուսից մոտ 230 ոչխար են գողացել։

Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն ասել էր, որ մոտ 300 ոչխար է եղել։

«Արոտի ժամանակ է եղել։ Մի քիչ մոտիկացել են իրենց սահմանին, իրենք էլ գողացել, տարել են։ Հովիվը 73-ին վերցրել, փախել է, էն 230-ը տարել են»,–ասել է նա։։

Այն հարցին, թե այդտեղ հայկական սահմանին սահմանապահներ չկա՞ն կանգնած, ավագանու անդամը պատասխանել է, որ աշխարհազորը կանգնած է։

«Իհարկե, կան, աշխարհազորը կանգնած է։ Աշխարհազորից 50 մ այն կողմ իրենց պոստն ա։ Ո՞նց են տարել։ Կրակելու հրաման էլ չեն տալիս, չեն թողնում»,–ասել է նա։

Դիտարկմանը, թե համայնքի ղեկավարի խոսքով աշխատանքներ են տարվում, մինչ այս պահն ի՞նչ է արվել, Հովսեփյանը նշել է. «Եթե համայնքի ղեկավարը տանում ա, դե թող տանի»։