AM
19 January 2024 - 15:05 AMT

Միրզոյան․ ՀՀ–ն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որևէ երկիմաստության

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին։

Նա հավելել է, որ երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն՝ առանց որևէ երկիմաստության, խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար։

«Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն երկարաժամկետ լուծումների հարցում: Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ հիմնված հայտնի սկզբունքների և պայմանավորվածությունների վրա։ Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն՝ առանց որևէ երկիմաստության։ Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար, որը, մեր համոզմամբ, պետք է իրականացվի համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և հիմնված լինի Խորհրդային Միության ամենաթարմ ու օրինական քարտեզների վրա:

Մենք նաև վստահ ենք, որ կապուղիները, որոնք կարող են ապաշրջափակվել տարածաշրջանում, հաղորդակցությունները՝ տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են նաև նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության առաջխաղացմանը, և մենք կարծում ենք, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է ապաշրջափակվեն համապատասխան այդ երկրների ինքնիշխանությանը, իրավազորությանը և հավասարության ու փոխադարձության սկզբունքների համաձայն։

Ավելին, խաղաղության և փոխկապակցվածության այս գաղափարն առաջ մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը, ինչպես ասացի, ուղղված է տարածաշրջանում փոխկապակցվածությունն ավելացնելուն և ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»,–ասել է ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ հայկական կողմւ կառուցողականությունը երբեմն նույն կերպ չի արտացոլվում մեր հարևանների վարքագծում։

«Մենք ներգրավված ենք եղել բանակցություններում ի թիվս այլոց, նաև Եվրոպական միության աջակցությամբ, և ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։ Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք շարունակելու բանակցությունները: Ինչպես նշեցի, մենք կարևորում ենք ոչ այդքան, թե ով է նպաստում բանակցությունների անցկացմանը, որքան այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է բանակցությունները շարունակվեն: Եվ այս համատեքստում կցանկանայի կրկին ընդգծել, որ դրանք են տարածքային ամբողջականությունը, սահմանների ճանաչումը և անքակտելիությունը, ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը: Սրանք են այն սկզբունքները, որոնց հիման վրա, կարծում եմ, պետք է խաղաղության շուրջ համաձայնություն ձեռք բերվի: Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ, Խորվաթիայի կամ ԵՄ մասնակցությանը, կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել Խորվաթիային և ԵՄ-ին՝ մեր տարածաշրջանում սահմանամերձ շրջանների անվտանգության ապահովման համատեքստում: Արդեն իսկ հիշատակել եմ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, իսկ լրացուցիչ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խորվաթիայի և ԵՄ անդամ երկրներին 2023թ. սեպտեմբերին ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած փախստականների հրատապ կարիքները հոգալու համար ցուցաբերած աջակցության համար»,–ասել է Միրզոյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։