AM
19 January 2024 - 15:10 AMT

Ստեփանյան. Արցախի հարցով հանձնախումբն աշխատելու է հիմնականում միջազգային հարթակներում

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և մյուս իրավունքների պաշտպանության նպատակով ստեղծված հանձնախումբն աշխատելու է հիմնականում միջազգային հարթակներում և ակտիվ համագործակցելու է Արցախի պետական կառույցների հետ, հայտնում է «Փաստինֆոն»։

«Հանձնախմբի կազմի մասին դեռ լրացուցիչ կտեղեկացվի, բայց կարող եմ ասել, որ ընդգրկվելու են ներկայացուցիչներ և Արցախից, և Հայաստանից, և Սփյուռքից։ Միջազգային հարթակներում աշխատելիս, բնականաբար, օգտագործվելու են ինչպես մեր՝ Արցախի ՄԻՊ գրասենյակի հավաքագրած նյութերը, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում ԵՄ-ի և այլ դերակատարների հայտարարություններ, որոնցում շեշտվում է Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքների մասին»,-նշել է Ստեփանյանը։

Ավելի վաղ հանձնախմբի ձևավորման մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ ստանձնել է հանձնախմբի աշխատանքների համակարգումը։