AM
20 January 2024 - 06:21 AMT

Միրզոյան․ Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։

Նա նշել է, որ Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում:

«Մենք ավելի քան շահագրգռված ենք տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմամբ։ Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ մեր կառուցողականությունը երբեմն նույն կերպ չի արտացոլվում մեր հարևանների վարքագծում։ Մենք ներգրավված ենք եղել բանակցություններում ի թիվս այլոց, նաև Եվրոպական միության աջակցությամբ, և ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։ Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք շարունակելու բանակցությունները»,- ասել է Միրզոյանը:

Նա նշել է, որ Հայաստանը ոչ այդքան կարևորում է այն հանգամանքը, թե ով է նպաստում բանակցությունների անցկացմանը, որքան այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է բանակցությունները շարունակվեն.

«Այս համատեքստում կցանկանայի կրկին ընդգծել, որ դրանք են տարածքային ամբողջականությունը, սահմանների ճանաչումը և անքակտելիությունը, ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը: Սրանք են այն սկզբունքները, որոնց հիման վրա, կարծում եմ, պետք է խաղաղության շուրջ համաձայնություն ձեռք բերվի»,–ասել է նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։