AM
20 January 2024 - 06:57 AMT

ԱԳ նախարար․ ԵՄ հետ աշխատանքն ընդլայնվում է նոր ուղղություններով՝ ԵՄ առաքելության և անվտանգային հարցերով երկխոսությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում, խոսելով ԵՄ հետ հարաբերությունների մասին, ասել է, որ ՀՀ-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով, այն է՝ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը ՀՀ-ում և անվտանգային հարցերով երկխոսությունը։

«Մենք քննարկեցինք նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ ընթացիկ գործընթացներն ու իրականացվող քայլերը: Այս հարաբերությունների հետագա խորացման մեր քաղաքացիների ձգտումը հիմնված է այն ընդհանուր արժեքների վրա, որոնց մեր քաղաքացիները հարում են Հայաստանում, Խորվաթիայում և Եվրոպական միությունումխթանվող, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հիմնարար սկզբունքների տիրույթում: Միևնույն ժամանակ, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման մեր հանձնառությունը բխում է մեր քաղաքացիների համար ավելի լավ և անվտանգ միջավայրի տեսլականից:

Այսպիսով, իմ խորվաթ գործընկերոջ հետ մենք դիտարկել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ողջ շրջանակը, որն ընդգրկում է մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, մարդկանց միջև շփումները, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև անվտանգության հարցերը: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով, այն է՝ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը ՀՀ-ում և անվտանգային հարցերով երկխոսությունը»,–ասել է նախարարը:

Եվրոպական խորհուրդը պաշտոնապես որոշում է ընդունել ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ընդլայնման մասին։ Որոշում է կայացվել նաև ֆինանսավորման ավելացման մասին: 2023 թվականի դեկտեմբերի 5-ին Քաղաքական և անվտանգության կոմիտեն փոփոխություններ էր կատարել EUMA-ի գործառնական պլանում և համաձայնել, որ դրա ռեսուրսները պետք է ավելացվեն։ ՀՀ-ում ԵՄ առաքելությունն իր հերթին ողջունել է Խորհրդի որոշումը։

Հայաստանում ԵՄ առաքելությունը հունվարի 17–ին իր 1500-րդ պարեկային այցն է կատարելմ սահմանամերձ շրջաններ։