Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից լրացուցիչ երաշխիքներ են ակնկալում, որ փոխադարձաբար տարածքային նկրտումներ չունեն։
«Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ, որ Ադրբեջանը ՀՀ–ից թաքնված տողատակերում չի ուզում ապագա տարածքային պահանջների համար կռվաններ թողնել, բայց նաև պատրաստ ենք տալ այդպիսի երաշխիքներ։ Սա փոխկապակցված գործողություն է։ Դա ոչ մի կողմից չի կարող լինել միակողմանի»,– ասել է վարչապետը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս պահին շատ թե քիչ ակտիվ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները:
«Հիմնականում աշխատանքային կապուղիներ կան աշխատելու մասնավորապես իմ աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև»,-ասել է վարչապետը:
Նա նշել է, որ հենց այդ կապուղիներով դեկտեմբերի 7-ին ընդունվել է համատեղ հայտարարությունը, որի արդյունքում Ադրբեջանից Հայաստան վերադարձան 32 գերի: Վարչապետը հավելել է, որ աշխատանքային թեման հիմնականում խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն է։
«Դիվանագիտական տեքստերը միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր, տողատակեր են ունենում: Եվ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանն էլ՝ մեր, առաջարկների տողատակերում տարածքային պահանջների եթե ոչ այսօր, ապա հետագա վտանգներ ենք տեսնում»,-ասել է Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ իրադրությանը պետք է վերաբերվել որպես աշխատանքային գործընթացի, որը պետք է շարունակել կառավարել` մինչև հարցերը պատասխան ստանան:
Փաշինյանի կարծիքով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է միայն Ալմաթիի հռչակագրի սկզբունքների համաձայն։ Ճիշտ է, ըստ վարչապետի պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են նույնիսկ տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է խաղաղության գործընթացքը դիտավորյալ փակուղի մտցնել, բայց նույնիսկ այդ պարագայում, ըստ Փաշինյանի, Հայաստանի ռազմավարությունը չպետք է փոխվի։
«Մեր ռազմավարությունը եղել է և մնում էՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդումը, հաստատումը Ալմաթիի հռչակագրի հիման վրա»,– ասել է նա։
Վարչապետը հիշեցրել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ունեն միջազգայնորեն ճանաչված սահմաններ, և երբ Հայաստանը կանգնում է այդ տարածքի անվտանգության պահպանության դիրքերում` կանգում է լեգիտիմ հենքի վրա, ինչը պետք է լրացուցիչ գործոն դառնա անվտանգության համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։