AM
20 January 2024 - 12:40 AMT

Փաշինյան. Փաստաթղթային ձևով պետք է վերարտադրվի 1991-ին գոյություն ունեցած սահմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի, անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքին, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը չպետք է սահմաններ ստեղծի, այլ փաստաթղթային ձևով պետք է վերարտադրվի այն սահմանը, որը գոյություն է ունեցել 1991թ կամ Խորհրդային միության հանրապետությունների միջև՝ որպես ադմինիստրատիվ սահման:

Նա նշել է, որ Պրահայում քառակողմ հայտարարություն է ընդունվել, որը Ադրբեջանը նույնպես ընդունել է, հայտնում է Արմենպրեսը։

«Արդյոք կա պատկերացում, թե որն է ՀՀ տարածքային ամբողջականությունը. այս հարցի պատասխանը կա: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչում են 1991թ. Ալմաթայի հռչակագրի վրա: Իսկ Ալմաթայի հռչակագիրը հետևյալի մասին է, որ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ, իսկ ԽՄ այն հանրապետությունները, որոնք ստորագրել են Ալմաթայի հռչակագիրը, արձանագրում են, որ իրենց վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանների: Մենք ասում ենք, որ այդ սկզբունքն ընդունում ենք: Եվ ըստ էության Պրահայում քառակողմ հայտարարություն է ընդունվել, որը Ադրբեջանը նույնպես ընդունել է: Մենք ասում ենք, և դա ակնհայտ է, որ դելիմիտացիայի գործընթացը սահմաններ չպետք է ստեղծի, այլ պետք է փաստաթղթային ձևով նաև գետնի վրա վերարտադրվի այն սահմանը, որը գոյություն է ունեցել 1991թ. կամ ԽՄ հանրապետությունների միջև՝ որպես ադմինիստրատիվ սահման»,-ասել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է՝ սա է այն բանաձևը, որը կարող է հնարավոր դարձնել խաղաղությունը:

Ըստ վարչապետի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ գոյություն ունեցող երկկողմ աշխատանքային խողովակը պետք է բերի կոնկրետ արդյունքների: Իսկ արդյունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ոչ միայն հայտարարեն, որ առանց վերապահումների ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այլ նաև այդ իրողությունն արձանագրվի դե յուրե խաղաղության պայմանագրում:

«Եվ Հայաստանը, և Ադրբեջանն ունեն միջազգայնորեն ճանաչված տարածքներ: ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է: Եվ, երբ կանգնում ենք այս միջազգայնորեն ճանաչված տարածքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության անվտանգության պաշտպանության դիրքերում, մենք կանգնում ենք լեգիտիմ հենքի վրա, ինչը պետք է պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում ապահովի, լրացուցիչ գործոն դառնա նաև մեր անվտանգության համար»,-ընդգծել է Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։