AM
22 January 2024 - 10:21 AMT

Ավինյան․ Փինաչու գործ է արված Մաշտոցի պողոտայում՝ եզրաքարերով բնաբաժակն է, մեջը տոմետ խփած, տգեղ է

Մաշտոցի պողոտայում ծառերի 17 բնաբաժակ է փակվել, գույքագրվում են նորերը։ Այդ մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ այդ ավելորդ բնաբաժակները պետք է փակվեն տվյալ մայթը սալապատած տոմետով կամ քարով, հայտնում է Panorama.am-ը։

«Հիմա, ինչո՞ւ ունենք բնաբաժակներ, որոնց մեջ տոմետ է խփած։ Մի քիչ, որ կողքի հայացքով ես նայում՝ փինաչու գործ է արված, եզրաքարերով բնաբաժակն է, մեջը տոմետ է խփած, տգեղ է ուղղակի, էն էլ Մաշտոցի պողոտայի վրա»,- ասել է Ավինյանը։

Գեղամյանն ասել է, թե խոսել են Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ և քանի որ այդ բնաբաժակները հետագայում կարող են նորից բացվել և ծառեր տնկվել, այդ պատճառով նախընտրել են այդ տեսքով թողնել։

Ավինյանը Արմեն Բեգոյանին հարցրել է, թե արդյոք նպատակահարմար է, որ մեծ ծառերից 2-3 մետր հեռավորության վրա պահպանել բնաբաժակները, հետագայում՝ գալիք 10 տարվա համար ծառ տնկերու համար։

Բեգոյանը հայտնել է, որ այդ բնաբաժակներում հնարավոր չէ ծառ տնկել, քանի որ հաստաբուն սոսիներից 2-3 մետրի վրա են և եթե վերև նայեն կտեսնեն, որ ծառերի սաղարթներն արդեն իսկ փակել են տվյալ բնաբաժակի վերևի մասը, հետևաբար այդտեղ ծառը չի կարող աճել, դրա համար դրանք պետք է փակվեն, քանի որ հետագայում՝ 10-20 տարի հետո էլ հնարավոր չի լինի այդտեղ ծառ տնկել։

Քաղաքապետն ասել է, որ պետք է բնաբաժակ չունենալ այն հատվածում որտեղ չպետք է լինեն՝ պետք է փակել այդ բնաբաժակները։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախորդ շաբաթվա համար արդեն շինբարեկարգմանը տվել է հանձնարարական և հարցը կլուծվի։