Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի (ավեի հայտնի որպես Նարե Սոսե) առևանգման մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Առևանգման մասին ստացվել է հաղորդում, որի առթիվ հունվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են քննչական, վարութային ակտիվ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում համակողմանի ստուգելու, իրականությունը պարզելու նպատակով։
Ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ», -ասել է նա։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասել է, որ Հայրապետյանին վախեցրել, սպառնացել են, հայտնում է Aysor.am-ը։
«Իմ հորդորով Նարինեն դիմել է ոստիկանություն: Այս պահին նա կապից դուրս է եկած, մեր տեղեկություններով՝ Հայաստանում չէ»,–հավելել է նա։
Այն հարցին, թե Հայրապետյանը կասկածներ ունի՞, թե ովքեր կարող են լինել՝ Թևանյանը պատասխանել է, որ նա չի ճանաչել այդ մարդկանց, ում հետ շփվել է։
«Չէ, չի ճանաչում այդ մարդկանց, ում հետ շփվել է: Մենք իրավապահներից պահանջում ենք դեպքի շուտափույթ բացահայտում, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, քանի որ սա ոչ ստանդարտ իրավիճակ է ավագանու անդամի հետ կապված: Նրա հետ վերջին անգամ շփվել ենք ուրբաթ օրը»,–ասել է Թևանյանը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածավել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նարինե Հայրապետյանին Թոթովենց փողոցից անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան տարել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։