AM
22 January 2024 - 12:35 AMT

Երևանի շտապօգնությունը նախատեսում է ծառայություն մատուցել նաև մոպեդով

Երևանի շտապ բուժօգնությունը նախատեսում է ծառայություն մատուցել մոպեդով: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

«Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու` համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և կվարեն մոպեդ, ինչպես նաև չափորոշիչները փոխելու»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Դավիթ Կարապետյանը մանրամասնել է, որ մոպեդով շտապօգնության ծառայություն մատուցողները ոչ թե հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին կարձագանքեն, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում։

Նա տեղեկացրել է, որ յուրաքանչյուր 20 հազար բնակչին շտապօգնության 1 շարժակազմ է հասնում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակչության՝ 1 միլիոն 75 հազարի պարագայում անհրաժեշտ է 53-55 շարժակազմ։

«Այս պահին Երևանում աշխատում է 43 շարժակազմ, ուստի դիմել ենք ՀՀ առողջապահության նախարարին՝ շարժակազմերի թիվն ավելացնելու ակնկալիքով»,– ասել է նա։

Անդրադառնալով 2024–ի հունվարի առաջին 18 օրվա տվյալներին` նա հայտնել է, որ իրականացվել է 19,595 կանչ, որը նախորդ տարվա համեմատությամբ 2423 կանչով կամ 14 տոկոսով ավելի է:

Ինչ վերաբերում է ուշացումներին, ապա 19,595 կանչից 1829–ն է եղել ուշացումով, այսինքն 9.5 տոկոսը։ Նա տեղեկացրել է, որ ուշացումները հիմնականում երեկոյան ժամերին են լինում քաղաքի ծանրաբեռնվածության պատճառով։