AM
22 January 2024 - 13:32 AMT

ԿԳՄՍՆ-ի առաջարկը՝ «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Նախագիծը ներկայացվել է Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ նախագծի՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները:

Նշվում է նաև, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5–6–րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ հանրակրթության պետական չափորոշիչի 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան պետք է վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Ըստ նրա, այստեղ խորքային մեծ տարբերություն կա, քանի որ հայ ժողովրդի պատմություն, որը պետականության բացակայության դրվագներ ունի, իսկ «Հայաստանի պատմությունը» նշանակում է պետականության պատմություն։Նա նշել էր նաև, որ որոշ գիտնականներ, ուսուցիչներ դիմել են այդ հարցով ԿԳՍՄՆ։